responsive web templates



«Ճիչ լռության մեջ»

Զառա Այրումյան , Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

Կարծում եմ, վաղուց անցել են այն ժամանակները, երբ վերացական արվեստը համարվում էր դժվար ընկալելի։ Շատերն այն անվանում էին «Ընտրյալների արվեստ»։

Ծնունդ առնելով անցած՝ 20 -րդ դարում, որը լի էր գիտական բացահայտումներով, սոցիալական և հոգևոր խորը ցնցումներով ՝ այն շարունակում է ապրել մեր

ժամանակներում՝ հակասական, ճգնաժամային, հաճախ անհասկանալի, երբեմն էլ տարօրինակ։ Այսօր ևս վերացական արվեստի ստեղծագործությունները չեն կորցնում իրենց ձգողական կախարդանքը, մոգական ուժն ու ազդեցությունը։ Իհարկե, դա վերաբերվում է այն արվեստագետների աշխատանքներին, որոնք ունեն իրենց ասելիքը, իրենց ձեռագիրը, անհատական խառնվածքը, որոնք կարող են արթնացնել մեր միտքն ու զգացմունքները, մեր երևակայությունը և զուգորդական պատկերացումները։ Նրանց արվեստը ճեղքում է զուտ գեղարվեստական խնդիրների նեղ մասնագիտական շրջանակը և հնարավորություն ընձեռում դիտողին դառնալ ստեղծագործական գործընթացի մասնակիցը և գեղագիտական հաճույքի վայելողը։

Վարդենի Մոստիչեան։ Անուն, որ առայժմ այնքան էլ ծանոթ չէ Երևանյան արվեստասերին։ Ծնվելով Ստամբուլում և ուսանելով Ավստրիական Գիմնազիյում, այնուհետև Միացյալ Նահանգներում՝ նա կերտեց վերացականության իր աշխարհը։ Հաղորդակից լինելով ժամանակակից արվեստի համաշխարհային գործընթացներին՝ գտավ իր ոճը, իր գույները, իր նկարչության տեսակը։ Նրա ստեղծագործական ինքնությունը հաստատող ճանապարհը լի է զանազան փորձերով և փնտրտուքներով, բացահայտումներով և, անշուշտ, հոգեկան ապրումներով։ Իր վաղ նկարչությանը հատուկ ռեալիստական ամուր կերպարներին, առարկաների միջև եղած սովորական կապերին եկան փոխարինելու մաքուր զգացմունքները, հոգևոր պատկերացումները, վերացական գծերն ու ծավալները և, իհարկե, իմպրովիզացիան՝ երևակայությունն ակտիվացնող, տեսածը վերագնահատող, ինտուիտիվ սկզբունքն ազատագրող։

Վարդենին այն ուժեղ կին-արվեստագետ տեսակն է, որի համար նկարչությունը զուտ մասնագիտություն չէ ՝ դա իր ապրելաձևն է, իր կյանքի իմաստը և բովանդակությունը. «... իմ արվեստը ճիչ է լռության մեջ, որ դեմ է դուրս գալիս հոգեկան անտարբերությանը, գովազդների և զվարճանքների աշխարհին, ուր իշխում է միայն դիզայնն ու դեկորը, «վաճառվելիքը» և « միատարր արվեստը»...»։

Հայաստանում նկարչուհին լինում է ժամանակ առ ժամանակ, սակայն իրականությունն այնպիսինն է, որ իր հոգու խորքում, իր մտքի մի անկյունում նա միշտ պահում է հայ լինելու պատիվն ու պատասխանատվությունը։ Դրա մասին են խոսում նրա բազմաթիվ աշխատանքների մեջ տեղ գտած «Arevabar»-ն ու «Lusavar»-ը, «Anahit’ s Lace »-ն ու «The name of the Moon is Lusin» կտավները։  

Հուսով եմ, որ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում նկարչուհու անհատական ցուցահանդեսը հետայսու կդառնա հայրենիքի հետ իր ավելի սերտ կապի գրավականը։ Հայ արվեստասերը պետք է ճանաչի Վարդենու արվեստը՝ չէ որ ճանաչելը սիրելու անհրաժեշտ նախապայմանն է։